Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր, հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով մասնակցել է Բերձորի (Լաչին) շրջանում երեք նոր հիդրոէլեկտրակայանների շահագործման հանձնման արարողությանը։
Շահագործման են հանձնվել «Աղբուլագ-1» (14,7 մեգավատ), «Աղբուլագ-2» (14,25 մեգավատ) և «Շեյլանլի» (4 մեգավատ) փոքր ՀԷԿ-երը։ Նրանց ընդհանուր հզորությունը կազմում է 32,95 մեգավատ։
Բոլոր երեք կայանները կառուցվել են Հագարի գետի վտակ հանդիսացող Հոչազ գետի վրա։
Ըստ ադրբեջանական պետական «ԱզերԷներջի» ընկերության՝ այս կայանները տարեկան կարտադրեն ավելի քան 200 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ներկայումս Բերձորի շրջանում (Հագարի գետի և դրա վտակների վրա) արդեն իսկ գործում է 11 հիդրոէլեկտրակայան՝ 72,6 մեգավատ ընդհանուր հզորությամբ։
Նույն օրը Ալիևը նաև հիմնարկեք է արել Հագարի գետի վրա կառուցվող նոր ջրամբարի համար, որտեղ նույնպես նախատեսվում է կառուցել ևս երեք ՀԷԿ։