Հռոմի պապ Լևոն XIV-ը ժամանել է Թուրքիա:
Հռոմի պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Անկարայում, որտեղ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը, արարողակարգի համաձայն, նախևառաջ այցելել է Աթաթուրքի դամբարան։
Այցի առաջին օրվա ընթացքում նա Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև Հարբիյեի Սուրբ Հոգու կաթոլիկ եկեղեցում եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հոգևորականների հետ:
Այցի ընթացքում Հռոմի պապը մեկնելու է նաև Ստամբուլ։ Ակնկալվում է, որ Լևոն 14-րդը կայցելի նաև Պոլսո հայոց պատրիարքություն, որտեղ կհանդիպի պատրիարք Սահակ Մաշալյանի հետ ու կաղոթի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այցի շրջանակում Լևոն 14-րդը Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկիա քաղաքը, կմասնակցի Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը:
Ըստ Վատիկանի մամուլի ծառայության՝ նոյեմբերի 30-ին Լևոն 14-րդ պապը Թուրքիայից կմեկնի Լիբանան: