ՀՀ-ում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար. Ալեն Սիմոնյան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 24, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

«Մի շարք քաղաքական սպանությունների, Մարտի 1-երի, Հոկտեմբերի 27-երի, ընտրություններ կեղծելու և քրեական ենթամշակույթի մեջ ապրող նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իրենց էժան սպասարկողները փորձում են ու դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ:

Անել դա, որպեսզի իրենք իրենց միակ մարդասպանը, թալանչին, կեղծարարը չզգան, որպեսզի նախկին թալանչիներից փող վերցնելիս իրենց այդքան էլ մեղավոր չզգան և տարանջատվեն, բայց իզուր են եղել ու լինելու այդ փորձերը։ Հայաստանում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, և իշխանությունը որտեղ պարտվել է, զբաղեցնում է իր ընդդիմադիր մասը:

Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական: Քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները և անպատժելիությունը վաղուց անցյալում են ձեր հետ միասին:

Խորին ցավակցությունս մահացածների հարազատներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։   

 Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։   

Տեղում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր, հայտնաբերվել են նաև մեծ քանակի ինքնաձիգից կրակված փամփուշտներ: 

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի:     

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Կիսվել