Դրսում 21֊րդ դարն է, բայց արի ու տես, որ լուսավոր 21֊րդ դարում մեր իրականության մեջ մարդիկ սեփական հիվանդությունների մասին բարձրաձայնել խուսափում են, իսկ եթե հիվանդությունը գոտկատեղից ներքև է գերադասում են արյունաքամ լինել, բայց ոչ երբեք դիմել բժշկի, կամ բժշկի են դիմում, երբ արդեն դանակը ոչ թե ոսկորին է հասել, այլ ոսկորն էլ է հատել։
Այսօր ամենա"ամոթով" հիվանդության` թութքի մասին կխոսենք Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ, ԵՊԲՀ դասախոս, Հայկ Հարությունյանի հետ.
֊Ինչպե՞ս մարդը պետք է հասկանա, որ իր մոտ թութք է, որո՞նք են ախտանշանները։
-Թութքի ախտանշաններն են հետանցքի քորը, արտանկած հանգույցները, հետանցքի շրջանում դիսկոմֆորտը, երբեմն արյունային արտադրությունը և կղազատման դժվարացումը։
֊Ի՞նչ պետք է անի հիվանդը, բացի խուճապի մատնվելուց։
֊Բնականաբար խուճապի մատնվել պետք չէ։ Պետք է սթափ գիտակցել, եթե կա խնդիր պետք է անպայման դիմել մասնագետի։
֊Ի՞նչ տնական միջոցների պետք է հետևի հիվանդը մինչև բժշկին դիմելը։
֊Ընդհանրապես ցանկացած պարագայում ինքնաբուժությամբ, տնայնաբուժությամբ, հարևանաբուժությամբ զբաղվելը ցանկալի չէ. միակ բանը, որ կարելի է անել սառը ջրով լվացումներն է և հիգիենայի պահպանումը մինչև բժշկին դիմելը։
֊Հնարավո՞ր է արյան արտադրության նախանշանը այլ հիվանդություն լինի։
֊Հետանցքի շրջանում հաճախ լինում է թութք, ճաք, բայց երբեմն հանդիպում է նաև ուղիղ աղիքի ուռուցք, բնականաբար ճիշտ ախտորոշման համար պետք է դիմել բժշկի։
Չպետք է ինքնուրույն, կամ համացանցի միջոցով, կամ հարևանին պատմելով նախանշանները, սեփական ախտորոշումը կազմել, որպես թութք և սկսել տնական մոմիկներ ու յուղեր օգտագործել։ Ցանկացած առողջական խնդիր պետք է քննարկել միայն ու միայն մասնագետի հետ։
Մարմնում և օրգանիզմում չկա ամոթալի մասեր. չկա մարմնի մասեր, որոնց մասին խոսելը անհարմար է։ Անհարմար է չիմանալը, անհարմար է ժամանակին բժշկի չգնալը, անհարմար է վտանգել հետագա կյանքը։
Շատ կարևոր է նաև, որ 40-50 տարեկանում մարդն առանց գանգատների 5 տարին մեկ անցնի կոլոնոսկոպիա։ Օրինակ հաստ աղու պոլիպը բարորակ գոյացություն է, բայց համարվում է նախաքաղցկեղ։ Հետևաբար մոտ 7֊12 տարվա ընթացքում այն կարող է դառնալ չարորակ ուռուցք։
֊Որպես ամփոփում ի՞նչ կավելացնենք։
֊Ամեն դեպքում կղանքում առկա արյունն ազդարարում է ձեր մարսողական տրակտի որևէ կետի խնդրի մասին` կերակրափողից մինչև հետանցք։
ՈՒղիղ աղու արյունահոսության ամենատարածված պատճառը թութքն է։ Սովորաբար թութքային արյունահոսությունն ի հայտ է գալիս դեֆեկացիայի վերջում և այն նկատվում է զուգարանի թղթի վրա:
Թութքն ի հայտ է գալիս, երբ հետնանցքի և ուղիղ աղու երակները լայնանում և ուռչում են։ Պատճառների թվում են գիրությունը, հղիությունը, հաճախակի փորկապությունը:
Արյունահոսության հետ մեկտեղ թութքն առաջացնում է քոր, ցավ և գրգռում։ Եթե ձեր սննդակարգից հանեք գրգռող կծու սննդամթերքը, ավելացնեք բջջանյութ, ավելի շատ ջուր խմեք, խուսափեք երկար նստելուց և ավելի շատ մարզվեք, ձեր վիճակը կարող է բարելավվել: Որոշ քսուկներ կամ մոմիկներ օգտագործելը, թղթի փոխարեն ոչ տաք ջրով լվացումները կամ նստած լոգանքը նույնպես կարող են թեթևացնել իրավիճակը։ Սակայն միշտ պետք է հիշել` ինքնաբուժությամբ չզբաղվել, առաջին հերթին դիմել բժշկի , հետազոտվել, ճիշտ ախտորոշվել, որից հետո հիվանդն ինքը կորոշի բուժվել կոնսերվատիվ, թե վերջնական արմատական վիրահատական եղանակով։
Զրուցեց` Արմինե Մելքոնյանը