Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձը

Աննա Անտոնյան Հունվար 21, 2025

Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը։ Օրենքում հստակեցվում է, թե որ տարիքային խմբին է ուղղված երիտասարդական քաղաքականությունը:

«Մինչ այս թեև օրենք չկար, բայց տարբեր ենթաօրենսդրական ակտերում երիտասարդության տարիքը սահմանվում էր 16-30 տարեկան, իսկ որոշ ծրագրերում, օրինակ՝ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների համար ծրագրում, այն ընդլայնվել էր մինչև 35 տարեկանը։ Նոր օրենքով սահմանվել է, որ Հայաստանում երիտասարդ է համարվում 13-35 տարեկան անձը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։

Նա նաև պարզաբանել է, թե ինչու է տարիքային շեմը իջեցվել և բարձրացվել։ 

«13 տարեկանից երիտասարդների հետ աշխատանքը, մասնագիտական կողմնորոշումը և նրանց հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան ծրագրերի իրականացումը առավել արդյունավետ է։ Սա լավագույն եվրոպական փորձն է։ Մյուս կողմից՝ 30-35 տարեկանի ընդգրկումը պայմանավորված է մեր ժողովրդագրական խնդիրներով։ Հայաստանում երիտասարդները կյանքի կարևոր որոշումներ հաճախ կայացնում են ավելի ուշ փուլերում»,- ասել է փոխնախարարը։

Կիսվել