Հայաստանի Հանրապետությունում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ, դրանք արտառոց չեն. ՊՆ խոսնակ

Աննա Անտոնյան Ապրիլ 10, 2025

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Հայաստանում անցկացվող պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները վկայում են այն մասին, որ հայկական կողմը պատրաստվում է պատերազմի։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ մշտապես անցկացվել են, դրանք արտառոց չեն։ 

«Վարժական հավաքների կազմակերպումը և անցկացումը սահմանվել են դեռևս 1991 թվականին ընդունված նախկին «Զինապարտության մասին» օրենքով, և մինչև օրս Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործընթացը սահմանող օրենքներով վարժական հավաքների կազմակերպումն ու անցկացումը նախատեսված է որպես զինապարտ քաղաքացիների պահեստազորային պատրաստության հիմնական միջոցառում:

Ըստ այդմ՝ վարժական հավաքներ հայտարարվել են դեռևս շատ վաղուց,  դրանք նախ անցկացվել են  եռամսյա ժամկետով, իսկ սկսած 2023 թվականից՝ պահեստազորայինների ներգրավումն իրականացվում է 25-օրյա ժամկետով, ինչը հնարավորություն է տվել ժամանակային առումով ավելի արդյունավետ կազմակերպել վարժական հավաքները, ինչպես նաև ավելի քիչ «անհարմարություններ» պատճառել հավաքներին  ներգրավվող քաղաքացիներին: Հենց այս բերումով է կառավարությունը պարբերաբար վարժական հավաքների անցկացման մասին որոշում ընդունում:

Նախորդող տարիներին պարբերաբար անցկացված  վարժական հավաքներն արդեն 2 տարի է, ինչ փոխարինվել են 25-օրյա վարժական հավաքներով, և հետևաբար, դրանք նոր չեն,   արտառոց ոչինչ չկա: 

Վարժական հավաքները որևէ ագրեսիվ ենթատեքստ չունեն, զինված ուժերի բարեփոխումների  և պահեստազորում հաշվառված քաղաքացիների պատրաստության բնականոն մաս են կազմում, որը բնորոշ է բոլոր երկրներում պաշտպանության կազմակերպման պարտադիր գործընթացին», - նշել է Արամ Թորոսյանը:

Կիսվել