Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Աննա Անտոնյան Հունիս 23, 2025

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։

Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։


Նախարար Գալաձեն ևս բարձր է գնահատել երկու գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը՝ վերահաստատելով այն առավել ամրապնդելու հանձնառությունը։

Գելա Գալաձեն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ՆԳ նախարարությունն ու նախարարը կունեն իր լիակատար աջակցությունը։

Վրաստանի ՆԳ նախարարը ներկայացրել է իր կողմից ղեկավարվող կառույցում ընթացող բարեփոխումները։ Գելա Գալաձեն անդրադարձել է նաև Հայաստանի ՆԳ նախարարությունում իրականացվող կրթական բարեփոխումներին՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի փորձը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար ստորագրել փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև գործնական քայլեր ձեռնարկել գերատեսչությունների միջև օպերատիվ կապի ստեղծման ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելուն։

Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, համագործակցությունը խորացնելու համատեքստում, Արփինե Սարգսյանին հրավիրել է Թբիլիսի։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերն ու արձանագրել, որ պատասխան այցը ևս միտված է հարաբերություններն առավել զարգացնելուն։

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները հանդիպումը շարունակել են երկկողմ ձևաչափով։

Կիսվել