Հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 06, 2025

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն դեկտեմբերի 4-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

595898090_1261007846053587_5032756621293508013_n.jpg (485 KB)595705522_1261007932720245_7525029704811804845_n.jpg (623 KB)

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

595463220_1261006416053730_4577511011385165582_n.jpg (460 KB)

Լուսինե Աբրահամյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

595701501_1261006576053714_3504210699988867100_n.jpg (579 KB)

Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսել են հատկապես Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին: Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այնուհետև պարոն Հյուգ Մորեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Կիսվել