Հանրապետական կուսակցությունը որոշել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 10, 2021

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:


Նիստի ընթացքում քննարկվել է  ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։


Արձանագրվել են կապիտուլյանտ վարչախմբի կողմից Հայաստանի ինքնիշխանության հետեւողական մսխման, արտաքին եւ անվտանգային մարտահրավերներին անադեկվատ լինելու, աշխարհաքաղաքական հերթական արկածախնդրության դրեւորումները։


Ի գիտություն է ընդունվել կուսակցության միջազգային կապերի զարգացման եւ նոր նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվությունը։


Հանրապետականը հետեւողական է լինելու իր ունեցած փորձը, կապերը, գիտելիքները եւ հնարավորությունները  ազգային օրակարգի առաջնահերթությունների համար ծառայեցնելու գործում։ 


Քննարկվել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։


Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։ Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։


Ընդգծվել  է հասարակության լայն շերտերի հետ մշտական շփումների եւ հետադարձ կապի կարեւորությունը, այդ թվում՝ կուսակցական պատգամավորների ներգրավմամբ։ 


Որոշում է կայացվել վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան Քաղաքական դպրոցի դասընթացները։


ՀՀԿ Գործադիր մարմին

Կիսվել