Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով, նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը իր ուղերձում։
«Այս նվիրական օրը մեր խոնարհումն ենք բերում Արցախի անկախության, արցախահայության ապահովության համար ամենաթանկագինը՝ իրենց կյանքն ընծայած մեր քաջորդիների հիշատակի առաջ։ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ հայցելով շուտափույտ վերադարձ գերյալ և անհայտ կորած մեր զավակներին, խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին»,- ասել է Հայոց հայրապետը։
Նա հորդորել է, որ բազմապատկենք մեր ջանքերը՝ «միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին»
Հայոց հայրապետը կոչ է արել համախմբվել հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ «Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան»,- ասված է Հայոց հայրապետի ուղերձում։
Արցախի Հանրապետությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով`2024 թ. հունվարի 1-ից նրա գոյությունը դադարել է։