Հայաստանը շահագրգռված է և ուզում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն․ Փաշինյան

Աննա Անտոնյան Հուլիս 16, 2025

Հայաստանը շահագրգռված է և ուզում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, այսօր ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում», — նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը ապաշրջափակման վերաբերյալ, ի՞նչ քննարկումներ կան այդ ուղղությամբ, հայկական կողմի համար արտապատվիրակումը ինչու կարող է ընդունելի լինել։

Փաշինյանը Հայաստանում արտապատվիրակման օրինակներ է բերել. «Զվարթնոց օդավակայանի կառավարումը արտապատվիրակված է։ Չեմ կարծում, որ այդտեղ  որևէ ձևով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը խախտված է։ Ջրային համակարգի կառավարումն արտապատվիրակված է։ Բայց դրանք շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը»։

«Մեր օրենսդրությամբ, ինչ նկարագրեցի, կոչվում է կառուցապատման իրավունք, և դրա տրամաբանությամբ այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները որոշակի պայմաններում պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են Հայաստանի սեփականությունը»- ասել է ՀՀ վարչապետը։

Նա նշել է, որ կան գաղափարներ, քննարկումներ․ «Մի բան ակնհայտ է, մենք ուզում ենք, պատրաստ ենք Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր և տարածաշրջանային, և միջազգային, և համաշխարհային առումով, կփորձենք հնարավորինս գրավիչ պայմաններ առաջարկել»։ 

Կիսվել