Google-ը սխալմամբ մոտ 250 000 դոլար է փոխանցել կիբեռանվտանգության մասնագետի հաշվին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2022

Google-ի ներկայացուցիչն ասել է, որ մոտ 250 000 դոլար վճարումը, որը նստել է կիբեռանվտանգության շփոթված մասնագետի հաշվին, «մարդկային սխալի արդյունք է»:

Yuga Labs-ում անվտանգության ինժեներ Սեմ Քարրին Twitter-ում հայտնել է, որ Google-ն առանց պատճառների բացատրության 249 999 դոլար է փոխանցել իր բանկային հաշվին, եւ ինքը չի կարողացել պատասխան ստանալ՝ երեք շաբաթ փորձելով կապվել ընկերության հետ:

Քարրին ասել է, որ երբեմն զբաղվում է Google-ի նման տեխնոլոգիական ընկերությունների համար սխալների որոնմամբ, բայց չի կարողացել որեւէ կապ գտնել վերջին նախագծերի եւ առեղծվածային վճարման միջեւ:

Google-ի ներկայացուցիչը հաստատել է, որ վճարումը սխալ է եղել եւ ասել է, որ ընկերությունն այժմ քայլեր է ձեռնարկում այն շտկելու համար:

«Մեր թիմը վերջերս վճարում է կատարել ոչ ճիշտ կողմի՝ մարդկային սխալի հետեւանքով»,- NPR-ին տված հարցազրույցում ասել է ընկերության ներկայացուցիչը: «Մենք գնահատում ենք, որ գործընկերը, որին դա առնչվել էր, արագ տեղեկացրեց մեզ այդ մասին, եւ մենք աշխատում ենք սխալները վերացնելու ուղղությամբ»:

Ուրբաթ օրը Քարրին հաստատել է, որ վերջապես իր հարցմանը պատասխանել են:

«Google-ն իսկապես կապվեց ինձ հետ, եւ ես այսօր գնում եմ բանկ՝ գումարը վերադարձնելու համար»,- ասել է Քարրին MarketWatch գործակալությանը:

Կիսվել