«Գնում եմ եղբորս վրեժը լուծեմ»... Երվանդ Հաջիյանի հիշատակի օրն է

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 07, 2021

Այսօր Արցախյան երրորդ պատերազմի նահատակ հերոս Երվանդ Հաջիյանի հիշատակի օրն է


Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 6-ին Երվանդը զոհվել է Արցախի հարավարևելյան շրջանի՝ Կարախամբելիի համար մղվող մարտերում։ 

Երվանդն ինչպես 44-օրյա պատերազմին այնպես էլ Ապրիլյան պատերազմին կամավորագրվել է որպես հայրենիքի նվիրյալ զինվոր։

Ապրիլյան պատերազմի ժամանակ, պատերազմ մեկնելուց Երվանդին սիրելի  եղբոր՝ Նորայր Հաջիյանի զոհվելու բոթ են ասել...

Իսկ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրն երբ զինկոմիսարիատում ասացին, թե՛ Երվանդ ջան դո՛ւք ինչու եք մեկնում պատերազմի, մենք քո անունը չենք կարող գրանցել ցուցակում, չէ որ դուք զոհված եղբայր ունեք, դուք մի գնացեք, մնացեք՝ ձեր և եղբոր ընտանիքին թև ու թիկունք կանգնեք, նա այսպես պատասխանեց.

-«Գնում եմ եղբորս վրեժը լուծեմ»...


Երվանդ Հաջիյանը ծնվել է 1977 թ.-ի դեկտեմբերի 14-ին Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988 թ․-ին Ադրբեջանում հայ բնակչության նկատմամբ սկսված  զանգվածային ջարդերի ժամանակ ընտանիքի հետ բռնագաղթել է Հայաստան՝ Երևան։

2001 թ.-ին  ավարտել է Երևանի Հայկական բաց համալսարանը՝ միջազգայնագետ-քաղաքագետի որակավորմամբ։

1996-1998 թթ. պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել ԼՂՀ ՊԲ-ում, նախնական զինուսուցումն ավարտելուց հետո ստացել է սերժանտի զինվորական կոչում, ապա նույն կոչումով էլ շարունակել ծառայությունը, մինչև զորացրվելը։

2001 թ. մշտական բնակություն է հաստատել Ստեփանակերտում՝ ծնողների մոտ։

2002-2003 թթ. աշխատել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունում։

2003-2020  թթ.՝ աշխատել է ԱՀ արտաքին  գործերի նախարարությունում։

2015 թ․-ի հոկտեմբերից նրան շնորհվել է 2-րդ դասի 1-ին քարտուղարի դիվանագիտական աստիճան, վարում էր ԱԳՆ աշխատակազմի Սփյուռքի բաժնի պետի պաշտոնը։ ԱՀ ԱԳՆ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ 2018 թ.-ին պարգևատրվել է հոբելյանական հուշամեդալով։

 2002 թ․-ից միաժամանակ զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել է «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության վարչության անդամ, արտաքին կապերի բաժնի պատասխանատու։ 

 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական զինուժի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը որպես կամավորական աշխարհազորային զինվորագրվել է ԱՀ Պաշտպանության բանակին։ Մարտական գործողություններին մասնակցել է Հադրութ քաղաքի և Արա լեռան միջակայքի պաշտպանական դիրքերում, սակայն թեժ մարտում հոկտեմբերի 6-ին հերոսաբար զոհվել է Հադրութի շրջանի Կարախամբելի գյուղում։

 Ամուսնացած էր։ Ունի երկու զավակ:

Նյութը `Նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջից 

Կիսվել