Գինու Թանգարան Արագածոտնում

Աննա Անտոնյան Մարտ 09, 2022

Հայաստանյան թանգարանների շարքին ավելացավ ևս մի անուն ՝ Հայստանի Գինու պատմության թանգարանը, որը ճիշտ է՝ մի քանի ամիս է, ինչ բացվել է, բայց արդեն հասցրել է ընդունել հազարավոր  զբոսաշրջիկների ։ 8 մետր գետնի տակ գտնվող այս թանգարանում պահվում են բացառիկ էքսպոնատներ, գինու մասին մատենագիտական տեղեկատվություններ և ազգագրական նյութեր: 

 Թանգարանի կենտրոնական ցուցասրահ հասնելու համար նախ պետք է Մհերի դռնից ներս մտնել․ Վանում գտնվող այդ կոթողի նախատիպով էլ կառուցվել է նորաբաց թանգարանի մուտքը, որն ուրարտական գետնուղով տանում է դեպի քարանձավակերտ ցուցասրահ, ճիշտ եւ ճիշտ այն միջավայրը, որտեղից ծնունդ է առել գինին։

Թանգարանն ունի 10 բաժին․ ամեն ինչ  սկսում է սկբից՝ Առատաշենում հայտնաբերված խաղողի ածխացած կորիզից, հետո Արենի հնավայր, նախաքրիստոնեական ցուցնմուշներ, կարասային թաղում, պաշտանմունքային կուռքարձաններ, ուրարտական կարասներ եւ հասնում մինչեւ 20-րդ դար՝  Փարաջանովի «Նռան Գույնը» ֆիլմից դուրս մնացած բացառիկ կադրեր ու Գարեգին Նժդեհի գավաթ։

 Թանգարանը ոչ միայն ճարտարապետությամբ է տարբերվում մյուսներից այլ նաեւ ձեւաչափային առանձնահատկությամբ։ Ինտերակտիվ ցուցասրաներում թույլատրվում  է շրջել գինու գավաթը ձեռքին, ցանկության դեպքում կարելի անգամ  աղանդեր ճաշակել՝ հայկական ավանդական քաղցրավենիք համակցված գինու հետ։


 


Հայաստանի գինու պատմության թանգարանի կենտրոնական ցուցասրահից երկու թունել է բացվում, մեկը՝ ժամանակավոր ցուցադրությունների սրահն է, մյուսը Փարաջանովի ճեմուղին․ Կենտրոնական էկրանին «Նռան գույնը ֆիլմի» գինու եւ խաղողի հայտնի տեսարաններն են, իսկ աջ ու ձախ մասում ցուցադրվում են խոհրդային շրջանում ֆիլմից դուրս մնացած եւ վերջերս վերականգնված կադրերը։ Գինու պատմության թանգարանը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ նախագծի շրջանակում ձեռք է բերել ցուցադրության  բացառիկ հնարավորություն։


 Թանգարանն այժմ մի քանի նոր նախագծեր ունի՝ մանկական երգչախումբ, որի փորձերն արդեն սկսել են, եւ միջնադարյան հնձանի կառուցում։ 300 քմ տարածքով հնձանը ծառայելու է ոչ միայն գինի ստանալու գործընթացի կիրառական ցուցադրությանն այլ նաև մշակութային ու գիտական միջոցառումներ անցկացնելու համար։

Կիսվել