Գառնի–Երևան երթուղու արժեքը 200 դրամով թանկացել է. բնակիչները փորձել են ճանապարհ փակել, բայց ոստիկանները թույլ չեն տվել

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2022

Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչները բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ։ Նրանք այսօր՝ հոկտեմբերի 5–ի առավոտյան, ի նշան բողոքի, փորձել են փակել Գառնի գյուղ տանող ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց։ Բնակիչները որոշել են ստորագրահավաք անել ընդդեմ տրանսպորտի թանկացման։ 

Բնակիչներից Ալինան, որն օգտվում է Գառնի–Երեւան երթուղուց,զրույցում ասաց, որ մեկ շաբաթ առաջ այդ երթուղու գինը մեկ ուղղության համար 300–ից դարձել է 500 դրամ։ Սա միակ ուղղությունը չէ, որ թանկացել է։ Գառնի համայնքի մեջ մտնող 5 բնակավայրերը սպասարկող բոլոր երթուղիների գներն էլ բարձրացել են։

Օրինակ՝ Հացավան–Երեւան երթուղին դեռ մեկ շաբաթ առաջ սպասարկում էր 200 դրամով, հիմա 400 դրամ է դարձել։ Նշենք, որ Գառնի համայնքը սպասարկում է Կոտայքի մարզի միասնական օպերատորը՝ «Մուլտի տրանսպորտը»։

«Գառնիից Երեւան եկող ուսանողներն ամեն օր տրանսպորտի համար 1200 դրամ են վճարում, 200 դրամն էլ Գայի արձանից (Նոր Նորքի առաջին զանգված –խմբ.) իրենց համալսարաններ հասնելու համար են վճարում։ Մենք ի վիճակի չենք օրական այդքան գումար ծախսել միայն տրանսպորտի համար»,– ասաց մեր զրուցակիցը։

Թե ինչու է թանկացել Գառնի համայնքը սպասարկող հանրային տրանսպորտի արժեքը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից խոստացան ավելի ուշ պարզաբանում տալ։

Կիսվել