Գագիկ Բեգլարյանի գործով վերաքննիչ դատարանը իրար հակասող որոշումներ է կայացրել. Մի կազմը մերժել է 2 ամսով կալանավորելու դատախազի պահանջը, մյուսը՝ փաստաբանի բողոքը

Աննա Անտոնյան Օգոստոս 05, 2026

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն արդեն երկու ամիս է՝ կալանքի տակ է՝ դեռևս տարիներ առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որից անջատված մասով գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է։ Մասնավորապես, Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Գյանջումյանի, Գագիկ Բաղդասարյանի մասով քրեական գործն ավելի քան մեկ տարի է, ինչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանի վարույթում է, գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Այս գործով Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եղանակով մի շարք գույքերին տիրանալու և փողերի լվացման մեջ։ Նախաքննական մարմինն անջատված մասով «վերհիշել» և նոր մեղադրանք է ներկայացրել Բեգլարյանին հունիսի 4-ին՝ ևս մեկ դրվագով, թեև, ինչպես Փաստինֆոյի հետ զրույցում պնդեց պաշտպան Հրանտ Անանյանը, դրա վերաբերյալ ապացույցների այն ծավալը, որը ներկայումս վկայակոչվում է, առկա է եղել դեռևս 2021թ․, ընդամենը վերագնահատում են արել և մեղադրյալ ներգրավել։

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է հունիսի 5-ին, հուլիսին կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով։ Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հունիսի 5-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մասնակի է բավարարել միջնորդությունը՝ մեկ ամսով կալանավորման որոշում կայացնելով։

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դատարանի վարույթում քննվող գործով, որը շուրջ 24 դրվագի վերաբերյալ է, Գագիկ Բեգլարյանի նկատմամբ արդեն քանի տարի է՝ որպես խափանման միջոց է կիրառված գրավը, այս ընթացքում Բեգլարյանը չի խոչընդոտել գործի քննությանը, ինչու որոշեցին, որ այս մեկ դրվագով պետք է կալանքի տակ մնա․ «24 դրվագով այդ մարդը երբեք չի խոչընդոտել։ Կշեռքի նժարին դնելով՝ 24 դրվագի դեպքում գրավը նորմալ խափանման միջոց է, այս մեկ դրվագով պետք է լինի բացառիկ խափանման միջոց կալանք, այն էլ՝ շարունակական»։ Ընդ որում, պաշտպանության կողմը միջնորդել էր Բեգլարյանի նկատմամբ նաև նախաքննության փուլում գտնվող վարույթում ամբողջ ենթադրյալ վնասի՝ 58 մլն դրամի չափով գրավ, ինչը ենթադրվում է, որ խոչընդոտման դեպքում այն կպետականացվեր։

Կիսվել