Ֆրանսիայում երաժշտական փառատոնի ընթացքում ներարկիչներով հարձակման է ենթարկվել ավելի քան 140 կին

Աննա Անտոնյան Հունիս 23, 2025

Ֆրանսիայում ավելի քան 140 կին ենթարկվել է անհայտ անձանց հարձակումների՝ ներարկման եղանակով։ Դեպքերը տեղի են ունեցել ավանդական «Fête de la Musique» երաժշտական փառատոնի ժամանակ։ Փարիզի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հունիսի 22-ին հաղորդվել է նմանատիպ հարձակումների առնվազն 145 դեպք։

Նախարարության հաղորդմամբ՝ հարձակումները կարող են կապ ունենալ սոցիալական ցանցերում տարածված՝ «կանանց վրա հարձակվելու և դանակահարելու» կոչերի հետ։ Դատախազությունը քննում է երեք տուժածի հաղորդումներ ներարկիչների միջոցով հարձակումների և դրան հաջորդած սրտխառնոցի վերաբերյալ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ նյութեր են ներարկվել։ Տուժածները տոքսիկոլոգիական ստուգում են անցել։ Ներկայումս կալանավորվել է 12 կասկածյալ։

AFP-ի տվյալներով՝ Ֆրանսիայի արևմտյան Անգուլեմ քաղաքում չորս կասկածյալ հարձակվել է մոտ 50 կնոջ վրա։ Արևելքում երկու տղամարդ ձերբակալվել է «վնասակար նյութերի օգտագործման» մեղադրանքով, և 16 աղջիկ հոսպիտալացվել է։ Փարիզում արձանագրվել է ներարկիչներով հարձակման 13 դեպք։ 

Հունիսի 21-ի երաժշտական փառատոնի ընթացքում բռնության տարբեր դեպքերից տուժել է մոտ 1500 մարդ, որոնցից 14-ը՝ ծանր։ Փարիզում 19-ամյա երիտասարդ դանակահարվել է։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում ձերբակալվել է 305 մարդ։ Նախորդ տարի նույն փառատոնի ընթացքում ձերբակալվել էր 22 անձ։

Այս տարվա փառատոնն առանձնացել է մեծ բազմությամբ, քանի որ համընկել է շաբաթ օրվա հետ։ Փարիզի կենտրոնում տոնակատարություններին հավաքված բազմության պատճառով դժվարացրել է շտապօգնության մեքենաների մուտքը և տուժածներին արագ օգնության ցուցաբերումը։

Կիսվել