Ֆրանսիայում բողոքի ցույցեր են

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 11, 2025

Չորեքշաբթի Ֆրանսիայում «Ամեն ինչ կարգելափակենք» շարժման շրջանակներում տեղի ունեցած բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները դժգոհություն են հայտնում կառավարության քաղաքականությունից, մասնակցել է 175,000 մարդ, հաղորդում է Le Figaro թերթը՝ հղում անելով հանրապետության Ներքին գործերի նախարարության տվյալներին:

Մի շարք քաղաքներում ցույցերը վերածվել են անկարգությունների, որոնց ընթացքում վիրավորվել է իրավապահ մարմինների 13 աշխատակից:

ՆԳՆ-ն նաև հայտնել է 473 մարդու ձերբակալության մասին: «Իրավիճակը հատկապես լարված է Ռենում, Նանտում և Փարիզում, որտեղ իրավապահ մարմինների հետ բախումներից հետո նախազգուշացումներ են եղել», — հայտնել է գերատեսչությունը:

Բողոքի ցույցերը և գործադուլները կառավարության տնտեսական քաղաքականության դեմ են: Ցույցերի նախաձեռնողները կոչ են արել շրջափակել և խափանել նավահանգիստների, տրանսպորտային միջոցների աշխատանքը և փակել ճանապարհները: 

Ցույցերի ընթացքում ամենատարածված կարգախոսները կապված են երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի և հարուստների համար հարկերի բարձրացման պահանջի հետ: Մարդիկ կոչ են անում հատկացումներ անել հիվանդանոցներին, տրանսպորտային համակարգին աջակցելու համար, այլ ոչ թե բյուջետային միջոցները ծախսել զենքի արտադրության վրա: Բանն այն է, որ նախորդ վարչապետ Բայրուի կողմից առաջարկված բյուջետային խնայողությունների տարբերակը ենթադրում էր գրեթե բոլոր ծախսերի կրճատում․ բացառություն էր պաշտպանության ոլորտը, որտեղ, ընդհակառակը, իշխանությունները նախատեսում էին ծախսերի աճ։

Կիսվել