Եզդիների համար արտադրվող մեդիակոնտենտի ներկայիս ծավալները բնավ վերջնական հանգրվանը չեն
Աննա Անտոնյան
Սեպտեմբեր 18, 2021
Բարեկաներ, մեկ րոպե ուշադրություն եմ խնդրում
Մեր երկրում գործող եզդիական կառույցներից մեկի՝ «Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Խդր Հաջոյանը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որում պնդում է, թե Հայաստանի Հանրային ռադիոընկերությունը փակման է տանում եզդիների համար տրվող հաղորդումների խմբագրությունը: Այս կապակցությամբ հայտնում եմ հետևյալը:
Եզդիների համար տրվող հաղորդումների խմբագրությունը և ընդհանուր առմամբ Արտասահմանի և ազգային փոքրամասնությունների համար տրվող հաղորդումների բաժինը 2019 թվականին Հանրային ռադիոյում մեկնարկած բարեփոխումների առանցքում է: Այդ բարեփոխումների ընթացքում
1. կրկնապատկվել էր եզդիների համար մայրենի լեզվով տրվող ռադիոհաղորդումների ծավալը (այս պահին տևողությունը ժամանակավորապես կրճատված է խմբագրությունում ընթացող վերադասավորումների պատճառով)
2. գործարկել է եզդիերեն լեզվով լրատվական կայք,
3. ստեղծվել է եզդիական ժողովրդական երաժշտությանը նվիրված շուրջօրյա համացանցային ռադիոկայան,
4. ստեղծվել է եզդիների պատմությանն ու մշակույթին նվիրված վիդեոհանդես,
5. զգալիորեն բարձրացվել է խմբագրության աշխատակիցների աշխատավարձը:
Ուզում եմ հատուկ ընգծել, որ բարեփոխումների մեկնարկից առաջ 2019 թ.-ի ապրիլ ամվսա դրությամբ Հանրային ռադիոն եզդիերեն լեզվով արտադրում էր միայն 30 րոպե տևողությամբ ռադիոհաղորդում: Եվ ներկայում Հանրային ռադիոյի կողմից եզդիներին մայրենի լեզվով մատուցվող մեդիածառայությունների ծավալն ու բնույթը աղերս չունի նախկին վիճակի հետ, որը, ցավոք սրտի, եղել է անփոփոխ տասնամյակներ շարունակ:
Եզդիների համար արտադրվող մեդիակոնտենտի ներկայիս ծավալները բնավ վերջնական հանգրվանը չեն, և նախատեսվում է էլ ավելի լայնացնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Սակայն 2020-2021 թվականներին բարեփոխումների ընթացքը հասավ մի կետի, երբ պարզ դարձավ, որ առկա կադրային լուծումներով ավելին անելը և բարեփոխումները վերջնական հանգրվանին հասցնելն անհնար է: Առաջ գնալու համար անհրաժեշտ են տեխնոլոգիական պատրաստվածության սկզբունքորեն այլ աստիճանի, ցանցային մտածողությամբ, 21-րդ դարի տեղեկատվական միջավայրին առավել համահունչ մոտեցումներով թարմ ուժեր:
Ներկայում այդ մարդիկ գալիս են փոխարինելու նախկին անձնակազմին: Եվ վստահ եմ՝ մենք հաջողելու ենք:
Այս փոփոխությունների ընթացքում, այո, ընկերությունը ստիպված էր հրաժեշտ տալ իր երկու աշխատակիցներին, ում հետ ամենայն հավանականությամբ մենք, այո, հանդիպելու ենք դատարանում:
Մերժում եմ Հանրային ռադիոընկերության Եզդիների համար տրվող հաղորդումների խմբագրությունում փորձաշրջան անցնող երիտասարդ մասնագետներին վիրավորելու և պիտակավորելու փորձերը, որոնք առկա են Խդր Հաջոյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Սատարում եմ գործընկերներիս և կոչ անում չտրվել սադրանքների:
Կասկածի տակ եմ առնում առանձին վերցրած մեկ հասարակական կազմակերպության ղեկավարի՝ մեր երկրի բոլոր եզդիների անունից հանդես գալու իրավաչափությունը, իսկ պարզունակ կադրային հարցը ազգամիջյան լույսի ներքո ներկայացնելու փորձերը համարում եմ զավեշտական:
Եզդիերեն խմբագրության մեր ապագա աշխատակիցները, բնականաբար, նույնպես եզդի են:
Բացարձակապես անընդունելի եմ համարում Հանրային ռադիոընկերության վրա ճնշում բանեցնելու այս և այլ ապարդյուն փորձերը:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը
Կիսվել