«Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը»։
Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին (հոկտեմբերի 6-7 և հոկտեմբերի 7-8), ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։ Լիալուսինը իր ուղեծրով կգտնվի Երկրին ամենամոտ կետում և համապատասխանաբար երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։ Չնայած այս փոփոխությունները համեմատաբար փոքր են (ամենամեծ լուսինը ընդամենը 13%-ով մեծ է ամենափոքրից), պայծառության տարբերությունը կարող է հասնել 25%-ի կամ ավելիի, ինչը սովորաբար բավականին նկատելի է։
Լիալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:47-ին։ Սա նշանակում է, որ ՀՀ տարածքի համար հոկտեմբերի 6-7-ի և հաջորդող հոկտեմբերի 7-8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար Լուսնի լուսավորության և բավական ցածր ամպամածության առումով: Միայն Լոռու և Տավուշի մարզերում ամսի 6-ին ամպամածությունը կարող է խանգարել վայելել այդ գեղեցկությունը, իսկ 7-ին պայմանները առավել բարենպաստ կլինեն գերլուսինը դիտելու համար:
Գերլուսնի սեզոնը սովորաբար տևում է 3-4 լիալուսին անընդմեջ։ Լուսինը կհասնի ավելի մեծ պայծառության նոյեմբերին (5-ին) և դեկտեմբերին (4-ին), չնայած խոսքը ընդամենը 2-3% տարբերության մասին է, իսկ վերջին ձևական գերլուսինը տեղի կունենա հունվարի 3-ին։
Հ.Գ. Անգլիական ավանդույթում հոկտեմբերյան լուսինը կոչվում է Բերքահավաքի լուսին։ Այսպիսով, եթե որևէ մեկը դեռ չի հանել իր կարտոֆիլը, ապա դրա համար իսկական ժամանակն է»,- գրել է նա։