Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ «Ֆեյսբուք»-ի իր էջում պատգամավորը գրել է, որ իրեն դիմել են բազմաթիվ ջավախահայեր՝ բարձրաձայնելով իրավիճակը։
Ըստ պատգամավորի՝ շատ ջավախահայեր վերջին տարիներին երկքաղաքացիություն են ստացել, սակայն Հայաստան մուտք են գործում վրացական անձնագրով և վարորդական վկայականով։
ՀՀ պարեկային ծառայությունն այս դեպքերում նրանց տուգանում է՝ գործող օրենսդրության պահանջներից ելնելով։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշել է, որ խնդիրն իրենց հայտնի է։
«Այս պահին ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում», - ասել է Նարեկ Սարգսյանը։