«Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումների վերացմանը»:
Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի խոսնակների հանդիպումը ոգեշնչող է։ ԵՄ-ն ողջունում է Շիրակ-Կարս երկաթուղային գծի վերականգնման վերաբերյալ Հայաստան-Թուրքիա հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,- ասել է Գրոնոն։
Նա նշել է, որ Երևանում նախատեսվում են կլոր սեղան-քննարկումներ քաղաքացիական հասարակության փորձագետների հետ, և հայտնել ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և լրացուցիչ միջոցառումներին:
Հիշեցնենք՝ նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։