ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ Լաչինի եւ Զանգեզուրի հարցով Բաքվում արված կասկածելի հայտարարությունները

Աննա Անտոնյան Մարտ 08, 2023

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում մի շարք կասկածելի հայտարարություններ է արել, այդ թվում՝ Լաչինի միջանցքի եւ Զանգեզուրի վերաբերյալ։ 

«Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների առումով թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն իրավաչափ է։ Ուստի մենք չենք ուզում, որ Լաչինի ճանապարհով տեղափոխեն լարվածությունը մեծացնող բեռներ, եւ որ այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»,-ասել է Կլաարը։

«Թափանցիկությունը բացարձակապես իրավաչափ է։ Ըստ իս՝ այդ թափանցիկությանը հասնելու ուղիներն ու միջոցները քննարկումների ու բանակցությունների թեմա են։ Կարծում եմ, որ դա անելու մի քանի եղանակ կա: Կարծում եմ, որ դրանցից մի քանիսը նախկինում քննարկվել են: Օրինակ՝ անցակետում ունենալ լրացուցիչ սարքավորումներ, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ տարածքում փոխադրումները: Կրկին, կարծում եմ, որ դա անելու մի քանի եղանակ կա, եւ կարծում եմ, որ կարեւոր է այն մանրամասն քննարկել: Կարծում եմ՝ Հայաստանում կարծիք կա, որ դրանք (Լաչինն ու Զանգեզուրը-խմբ.) երկու առանձին հարցեր են։ Դրանցից մեկը Լաչինի միջանցքն է, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության կետերից մեկում, միեւնույն ժամանակ, կա նաեւ Ադրբեջանի եւ Նախչիվանի միջեւ կապի հարցը, որն արտացոլված է 2020 թվականի հայտարարության մեկ այլ կետում։ Այնպես որ, հայտարարության մեջ դրանք հիշատակվում են տարբեր կետերում, եւ մոտեցումը տարբեր է։ Բայց, ի վերջո, այս հարցը բանակցությունների եւ քննարկումների առարկա է։ Իհարկե, մեր կարծիքն այն է, որ թափանցիկության առկայությունն իսկապես օրինական է, եւ միեւնույն ժամանակ, մարդկանց, Ղարաբաղի հայերի համար կարեւոր է, որ նրանք ունենան անվտանգ տեղաշարժվելու հնարավորության զգացում»,-նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Կիսվել