Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կիրակի օրը՝ մարտի 23-ին, առաջադրել է պաշտոնանկ արված և բանտարկված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու։ Կուսակցության փրայմերիզներին մասնակցել է Թուրքիայի 15 միլիոն քաղաքացի, ինչը կազմում է երկրում գրանցված ընտրողների գրեթե մեկ քառորդը։ Նրանցից 13,2 միլիոնը աջակցություն է հայտնել Իմամօղլուին։ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Օզգուր Օզելը կոչ է արել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։ «Իմամօղլուն մի կողմից բանտում է, իսկ մյուս կողմից՝ նախագահական գնալու ճանապարհին», - Ստամբուլի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներին ասել է Օզելը։ Ցուցարարների առջեւ ելույթ է ունեցել նաեւ նախագահի նոր թեկնածուի կինը՝ Դիլեք Քայա Իմամօղլուն։ Ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել և բախվել են ոստիկանության հետ։ 66 ցուցարար բերման է ենթարկվել, հինգ ոստիկան վիրավորվել է։ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին։ Նա մեղադրվում է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) աջակցելու և կոռուպցիայի մեջ։ Ինքը՝ Իմամօղլուն, հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։ Մարտի 21-ին և 22-ին Էքրեմ Իմամօղլուն մի քանի ժամով հարցաքննվել է։ Մարտի 23-ի առավոտյան դատարանի որոշմամբ ընդդիմադիր քաղաքական գործիչը ձերբակալվել և բանտ է ուղարկվել։ Նույն օրը ավելի ուշ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցվել են Իմամօղլուի պարտականությունները։ Առաջիկա օրերին Ստամբուլի քաղաքային խորհուրդը, որում մեծամասնություն է կազմում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, պետք է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրի։ Թուրքիայի տարբեր քաղաքներում մարտի 19-ից շարունակվում են Իմամօղլուի հետապնդումների դեմ բողոքի ցույցերը։ Հարյուրավոր ցուցարարներ բերման են ենթարկվել։ Ստամբուլի իշխանությունները խստացրել են բողոքի միջոցառումների արգելքը։ Եվրախորհուրդը դատապարտել է Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը եւ կոչ արել Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին։