Ճարտարապետների պալատը հայտարարել է, որ նախօրեին «Արթուր Թարխանյան կենտրոնի» տարածած հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում։
«Պալատի խորհրդում քննարկումների արդյունքում կայացվել է սկզբունքային որոշում՝ ձեռնպահ մնալ հարցի հանրայնացումից, համարելով այդ ճանապարհն անարդյունավետ, իսկ մասնագիտական տարակարծությունների քննարկումները շարունակել և, անհրաժեշտության դեպքում, ընդունելի լուծումներ որոնել բացառապես մասնագիտական գործընկերային դաշտում, ներգրավելով բոլոր կողմերին»,- նշված է հայտարարության մեջ։
Ճարտարապետների պալատը շեշտել է, որ Ցեղասպանության հուշարձանի վերանորոգման վերաբերյալ քննարկումներն սկսվել են «հանրային մտահոգությունների վերաբերյալ առաջին իսկ ահազանգերից անմիջապես հետո»։
ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստի քննարկման արդյունքում որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ «շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև շարունակել վերականգնման գործընթացը միայն արդեն իսկ մասնակի քանդված երեք մույթերի հատվածում՝ զուգահեռաբար շարունակելով մասնագիտական քննարկումները հուշարձանի ամբողջական վերականգնման ինժեներական լուծումների և մեթոդաբանության վերաբերյալ»։
Ըստ Ճարտարապետների պալատի հայտարարության` սահմանվել է շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, Պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ։
Նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ եղել է հուշահամալիրում։
«Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Հերթական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է աշխատանքների ընթացքին:
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Կապալառու կազմակերպության պատասխանատուները նախարարին տեղեկացրել են արված շինարարական աշխատանքների մասին։ Նախարարին տեղում զեկուցվել է, որ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են` ըստ նախատեսվածի:
Ժաննա Անդրեասյանը շեշտել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի կարևորությունը՝ որակի ու ժամկետների պահպանման տեսանկյունից»,- նշված է հաղորդագրության մեջ։