Ձգտում եմ հասկանալ, թե ժանրի կանոններով նշանակված այս միջոցառումներն ինչքանո՞վ են համապատասխան 2020թ. նոյեմբերի 9-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին

Աննա Անտոնյան Օգոստոս 31, 2021

Այս օրերին տարբեր միջոցառումներից հրավերներ ենք ստանում՝ ի նշանավորումն Արցախի անկախ հանրապետության 30-ամյակի. ձգտում եմ հասկանալ, թե ժանրի կանոններով նշանակված այս միջոցառումներն ինչքանո՞վ են համապատասխան 2020թ. նոյեմբերի 9-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին: Այն, որ անպայման պետք է անդրադառնալ այդ կարևոր իրադարձության պատմականությանը, քննարկման ենթակա չէ, բայց հաստատ վերանայման է պետք ենթարկել հանդիսավոր (կամ նույնիսկ՝ հատուկ) նիստերը, մեծաթիվ պարգևատրումները, տոնական համերգները և այս ոճի մյուս բեմագրերը:


Խնդիրը միայն հանրային տրամադրությունները չեն և մարդկանց հոգեբանական վիճակը: Հիմնական դժվարությունը համարժեքության պակասն է, քաղաքական խոսույթի գրեթե իսպառ բացակայությունը: Անկախ պետականության հռչակման հիմքում 1991թ. սեպտեմբերի նախօրյակին Արցախի ինքնուրույնության, ինքնատիպության և ինքնաբավության հանգամանքների գիտակցումն է եղել, որոնց հաշվառումով հայտարարվել է ինքնիշխան հայկական երկրորդ (իսկ օրացույցով՝ առաջին) պետություն ձևավորելու նպատակադրության մասին:


Ավելի հարմար առիթ, քան սեպտեմբերի 2-ի Հանրապետության օրն է, դժվար կլինի մտածել՝ մարդկանց հետ շփվելու, ապագա ծրագրերի մասին նրանց հետ խոսելու և նրանց հոգս ու դարդին հաղորդակից լինելու համար: Տարիներ ի վեր Արցախի բոլոր կրթական, գիտական հաստատություններում անկախության դասեր էինք անցկացնում, և այդ հանդիպումները, օրացույցային զուգադիպությամբ, համընկնում էին ուսումնական տարվա մեկնարկի հետ: Յուրահատուկ այդ դասերին Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունն էր ընդգծվում, և ամեն տարի դրան ավելացնելու բան ունեինք՝ ի դեմս տարբեր նահանգների ու քաղաքների կողմից մեր անկախության փաստի ճանաչման: Եթե համադրելու և ներկա վիճակին հարմար ձևաչափ ընտրելու կարիքն ընդունվի, ապա կառաջարկեի այդպիսի հանդիպումներ կազմակերպել Արցախի բոլոր համայնքներում: Այս ձևաչափն ավելի վայել է այսօրվա իրավիճակին, մարդկանց սպասումներին և ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ հասկացության իմաստի ընկալմանը:

Գրում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել