Դավիթին ՊՊԾ քաղաքացիական հագուստով աշխատակիցները գետնին են տապալել Փաշինյանի ներկայությամբ․ փաստաբան

Աննա Անտոնյան Հուլիս 05, 2023

Նիկոլ Փաշինյանին «դավաճան» եւ «վիժվածք» անվանած 21-ամյա Դավիթ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՔՕ 297-րդ հոդված 1-ին մասի հատկանիշով (խուլիգանություն)։ Այս մասին զրույցում ասաց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Նա պատմեց, որ Դավիթը Նիկոլ Փաշինյանին հանդիպել է հուլիսի 2-ին, Անգլիական այգում։

«Դավիթն ասել է՝ պատասխան ես տալու զոհված ընկերներիս ու մյուս հերոսների համար։ Անվանել է «դավաճան» եւ «վիժվածք»։ Ինքը բավականին մոտ է եղել Փաշինյանին, անգամ հպվել է։ Մի քանի վայրկյան անց մոտեցել են ՊՊԾ քաղաքացիական հագուստով աշխատակիցներ եւ գետնին տապալել Դավիթին՝ Փաշինյանի ներկայությամբ։ Չգիտեմ՝ իր հրահանգով են մոտեցել, թե՝ ոչ, բայց նախքան դա Դավիթն ասել է՝ կարող ենք խոսել, Դավիթն ասել է՝ քեզ հետ խոսելու ոչինչ չունեմ»,- ասաց Պապիկյանը։

«Դավաճան» եւ «վիժվածք» բառերը նախաքննական մարմինը համարել է վիրավորանք, ինչը փաստաբանը անհիմն է որակում։ Փաստական միակ հիմքը համարվում է ոստիկանի տված ցուցմունքը։ Պաշտպանական կողմին հայտնի չէ՝ Փաշինյանը գործով տուժող ճանաչվել է, թե՝ ոչ։

«Այդ բառերը լավագույն դեպքում կարող են որպես վիրավորանք բնութագրվել, բայց ոչ հայհոյանք։ Մեղադրանքն անլուրջ է եւ իրավաբանության հետ աղերս չունի։ Եթե ասում են դավաճանը վիրավորանք է, ապա նշված անձն ասում էր՝ չեմ վիրավորվում, երբ ինձ դավաճան են ասում։ Սա ուղղակի անձին ճնշելու ձեւ է»,- ընդգծեց Պապիկյանը։

Կիսվել