Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից. Ռուբինյան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 24, 2025

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:

Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,- գրել է Ռուբինյանը:

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ևս անդրադարձել է կատարվածին՝ գրելով.

«Բռնությունը տեղ չունի մեր երկրում։ Հուսամ՝ իրավապահները արագ կբացահայտեն մեղավորներին, և նրանք կստանան իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։

Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ 

Տեղում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, հայտնաբերվել են նաև մեծ քանակի ինքնաձիգից կրակված փամփուշտներ:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Կիսվել