«Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել». վարչապետ

Աննա Անտոնյան Հունիս 18, 2025

«Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020-ի նոյեմբերից: Կարծում եմ՝ արժանացել է, որ մի քիչ հանգստանա, 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չէ», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի՞ նախօրեին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործողությունների և եկեղեցու վերաբերյալ գրառումների հետ, Փաշինյանն պատասխանել է․

«Ձեր նշած հանգամանքների հետ... ուղղակի կապ ունի ի՛մ նշած հանգամանքների հետ: Իսկ առհասարակ ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային անվտանգությանը», - ընդգծել է Փաշինյանը:

Արդյոք Աբազյանը հրաժարվե՞լ է որևէ հանձնարարություն կատարել, վարչապետն արձագանքեց. - «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել»:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Արմեն Աբազյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Աբազյանի պաշտոնից ազատումը հաջորդում է նախօրեին ԱԱԾ աշխատակիցների կողմից ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատան խուզարկությանը:

Գիշերը ժամը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ: Նրա կարգավիճակը հայտնի չէ:

Կիսվել