Նավերի ուղեկցման նպատակով ճապոնական ռազմանավեր Մերձավոր Արևելք ուղարկելու ցանկացած որոշում կբախվի «լուրջ խոչընդոտների», հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյան այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Տոկիոն կմիանա ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը «բաց և անվտանգ» պահելու համար, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։
«Թեև իրավական տեսանկյունից դա բացառված չէ, հաշվի առնելով շարունակվող հակամարտությունը, սա այն հարցն է, որին պետք է զգուշությամբ մոտենալ», – կիրակի օրը NHK հանրային հեռուստաալիքին է ասել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական ղեկավար Տակայուկի Կոբայասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ բազմաթիվ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժել են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, կարող են ԱՄՆ-ի հետ միասին ռազմանավեր ուղարկել՝ նեղուցը բաց և անվտանգ պահելու համար։
Թրամփը, մասնավորապես, հույս է դրել Չինաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Միացյալ Թագավորության վրա։