Ճանաչել Արցախը, Բերձորի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով առաքելություն տեղակայել. Ուսանողների պահանջագիրը՝ կառավարությանը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 19, 2022

Ուսանողների կազմակերպած երթը, որը ԵՊՀ-ից հասավ կառավարության շենք, կառավարությանն ներկայացուցիչներին հանձնեց «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնությունը պահանջագիրը:

ԵՊՀ ուսանողներից Գուրգեն Դանիելյանը ընթերցեց պահանջագրի տեքստըւ, որում ասվում է. «Շինծու բնապահպանական նկատառումներ պաշտոնական Բաքուն արդեն 8 օր է արգելափակել է Բերձորի միջանցքը Արցախի 12 հազար բնակիչներին աշխարհի հետ կապող միակ զարկերակը: Նմանօրինակ սադրիչ գործողությունների բուն նպատակը առանց զենքի անմիջական գործադրման, բայց դրա կիրառման սպառնալիքով միջազգային ահաբեկչության շարունակական իրականացումը, ինչպես նաեւ Արցախի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելը, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

Ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճարկելի է դարձնում այն պարզ իրողությունը, որ արցախահայության անվտանգությունը որեւէ պայմանով հնարավոր չէ երաշխվորել Ադրբեջանի կազմում: Եթե իրավիճակը արագ չկարգավորվի, Արցախի ժողովուրդ կհայտնվի  հումանիտար աղետի սպռնալիքի տակ:

Ստեղծված իրավիճակում «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնությունը  ՀՀ իշխանություններից պահանջում է.

-              Հավուր պատշաճի կազմակերպել պաշտոնական միջնորդություն եւ սեղմ ժամկետում ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու  առաջարկությամբ: Հարկ է հստակ վերապահում անել, որ այս փուլում այլեւս վերացական մտահոգություններ հայտնելով սահմանափակվելը առնվազն թողտվություն է, որեւէ ազդեցություն չի կարող ունենալ իրադարձությունների վրա եւ հարիր չէ ՄԱԿ-ի կանոնադրական առաքելությանը:

-              Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ հիմքերով  գործող օրենսդրությանը համապատասխան 1991-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը, ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացնել Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագիծ:

-              Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Արցախում եւ Բերձորի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով առաքելություն տեղակայելու պահանջով  եւ հանրային կերպով տալ հստակ քաղաքական դիրքորոշում՝ արդյոք շարունակում եք պնդել, որ Ադրբեջանի կազմում  միջազգային երաշխիքներով հնարավոր է ապահովել արցախահայության անվտանգությունը»:

Նա տեղեկացրեց, որ հիմա ուսանողներից 5 հոգի կմտնեն շենք, հանդիպում կունենան, որի ժամանակ էլ պահանջագիրը կփոխանցեն:

Ուսանողներից Տիգրան Աղաջանյանն էլ ասաց. «Հայաստանի ռազմավարության մեջ գրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկը Հայաստանն է եւ նա իրավունք չունի անմասն մնալ Արցախի ճակատագրից: Մեր պահանջագրի կետերով պահանջում ենք, որ Հայաստանը բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործի, որ Արցախի կյանքի ճանապարհը բացվի:

Մենք երեք օր շարունակ ցույցեր էինք իրականացնում միջազգային կառույցների եւ տարբեր երկրների դեսպանատների առջեւ, ու այսօր պահանջում ենք նաեւ մեր կառավարությունից: Ըստ իրենց արձագանքի կորոշենք մեր հետագա անելիքները»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են  ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

Կիսվել