Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Ղարաբաղի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։
Ավագյանը անգիտակից վիճակում հայտնաբերվել է զուգարանում, որտեղ նա գտնվել է մոտ 50 րոպե, հայտնել են մի շարք ռուսական ալիքներ: Ըստ տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել:
Նշենք՝ նա օրերս հայտնել է, որ մի քանի անգամ ՌԴ ուժայիններն իրեն ձերբակալել են, փաստաթղթեր ստուգել, տարել ոստիկանական բաժիններ և խնդրել է իրեն արտահանձնել Հայաստանին:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ավագյանը մեղադրվում է ավելի քան 4.2 միլիարդ ռուբլուց ավելի մաքսային տուրքերից խուսափելու համար:
Նրա և մի քանի այլ անձանց դեմ գործը դատարանում է 2024 թվականի ապրիլից։ Գործում ներգրավված է ընդհանուր առմամբ 21 անձ։ Գործը վերաբերում է 2014-2015 թվականներին Ռուսաստան կենցաղային ապրանքների ներմուծմանը, որոնք քողարկվել էին որպես ավելի էժան շինանյութեր։ 2025 թվականի օգոստոսին Ավագյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, նրա գործը կասեցվել է, և նա ազատ է արձակվել կալանքից։
Սեպտեմբերի 23-ին միջնորդություն է ներկայացվել գործը վերաբացելու վերաբերյալ՝ այս պայմանագրի դադարեցման և Ավագյանի՝ հատուկ ռազմական գոտի չմեկնելու պատճառով։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Ադ ընթացքում Ավագյանը լքել է դատարանի շենքը և թաքնվել։ Դատարանը որոշել է վերաբացել գործը և ձերբակալել մեղադրյալին։
Ռուսաստանում Ավագյանը Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի մաքսային բրոքերի գլխավոր տնօրենն է եղել: 2010 թվականից նա եղել է Դաշնային գույքի կառավարման գործակալության Լենինգրադի մարզի գրասենյակի պետի տեղակալ։ 2014 թվականից նա եղել է Սանկտ Պետերբուրգի հողօգտագործման և պաշտպանության գծով գլխավոր պետական տեսչի տեղակալ, իսկ ավելի ուշ՝ պետական հողային վերահսկողության վարչության պետի տեղակալ։
2022 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ Հայաստանի ոստիկանությունը Ավագյանին հետախուզման մեջ է դրել փողերի լվացման համար։ 2021 թվականին նա աշխատել է որպես Ղարաբաղի Ներքին գործերի նախարարության Պետական արտակարգ իրավիճակների ծառայության (ՊԱԾ) փոխտնօրեն։