Բեռնատարների մուտքի տուրքը հանելու միտում կա. ՀՀ-ն և Իրանը դեռ չեն պայմանավորվել

Աննա Անտոնյան Օգոստոս 27, 2022

Խնդիրը ծագել է 2022 թվականի մայիսին, երբ Իսլամական Հանրապետությունը 120 դոլար լրացուցիչ տուրք էր սահմանել հայկական բեռնատարների համար։
Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Երևանն ու Թեհրանը պատրաստ են բեռնատարների համար մուտքի տուրքերի փոխադարձ չեղարկմանը, սակայն գոնե մոտավոր ժամկետներ խուսափում են նշել:
2022թ.-ի մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ հայկական պետական համարանիշերով մեքենաները մայիսի 21-ից սկսած Իրան մուտք գործելու համար կվճարեն լրացուցիչ 120 դոլար:
ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանդյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոմեքենաների մուտքի համար մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ:
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 16-ին Թեհրան կատարած այցի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ պայմանավորվել է բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների վերացման մասին։ Սակայն որևէ կոնկրետ պայմանավորվածություն չբարձրաձայնվեց։
Ավելի ուշ Սանոսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իրանցի գործընկերներին խնդրել է սառեցնել փոփոխությունները, մինչև պարզ դառնա, թե ինչպես կարելի է լուծել հարցը:
Օգոստոսի կեսերին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ նախնական մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի երկու երկրները միաժամանակ չեղարկեն վճարումները խոշոր բեռնատարների մուտքի համար։
«Իրանական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է։ Մեզ մոտ էլ ընթացակարգերը մոտ են ավարտին, և մենք նույնպես պատրաստ ենք»,-ասել էր Քերոբյանը։
Նա նշել էր, որ էկոնոմիկայի նախարարությունն այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել։ Բայց գործընթացի ֆորմալ ավարտը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ է։
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով ասել, թե ինչ սակագներ են գործում Հայաստան իրանական բեռնատարների մուտքի և Իրանի տարածք հայկական բեռնատարների մուտքի համար։
Նախարարությունից հայտնեցին, որ դրույքաչափերը սահմանվում են Հարկային օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն։ Ըստ այդ հոդվածի, օրինակ, 20-30 տոննա քաշով բեռնատարների համար 15 օրով Հայաստան մուտք գործելու վճարը կազմում է 110 հազար դրամ, 30-44 տոննա մեքենաների դեպքում՝ 152 հազար դրամ։ 44-ից մինչև 60 տոննա քաշով բեռնատարները պետք է վճարեն 205 հազար դրամ։
Բացի այդ, նախարարության պատասխանում նշվում է, որ վարորդները պետք է բնապահպանական հարկ վճարեն։ 12 տոննայից ծանր մեքենաների համար այն կազմում է 15 հազար դրամ։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում հաշվառված բեռնատարներին, ապա դրանք ԻԻՀ մուտք գործելիս մինչև 1 կմ հեռավորության համար տուրք չեն վճարում։ Մեկ կիլոմետրից ավելի անցնելու դեպքում վճարում են 220 դոլար և վառելիքի տարբերության տուրքը։
«Ներկայումս Իրանով տարանցման դեպքում հայկական բեռնատարներից գանձվում է նաև լրացուցիչ 120 դոլար տուրք»,-ասված է պատասխանում։
Ինչ վերաբերում է ճանապարհային տուրքերի երկկողմանի չեղարկմանը, գերատեսչությունից հայտնեցին, որ առայժմ բանակցություններ են ընթանում։ Հնարավոր ժամկետներ չնշեցին։
Այն մասին, որ բանակցությունները շարունակվելու են, Sputnik Արմենիային ասաց նաև Իրանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։
«Միջպետական պայմանագրի փոփոխությունը լուրջ աշխատանք է ենթադրում։ Գուցե այլ տարբերակ գտնենք, որը կկրճատի աշխատանքի ժամանակը»,-ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով՝ հարցն ուշադրության կենտրոնում է և դրանով լրջորեն զբաղվում են։ Որևէ ժամկետ, անգամ՝ մոտավոր, Կոստանյանը չցանկացավ նշել։
Միաժամանակ, առևտրային ներկայացուցչի խոսքով, երկու կողմից էլ տուրքերը չեղարկելու տրամադրվածություն կա։
Իրանից բեռ տեղափոխող վարորդներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ 120 դոլարն իրենք վճարում են ցանկացած դեպքում (անկախ նրանից, թե որքան են գնացել Իրանի տարածքում)։ Նրա խոսքով՝ հայկական բեռնատարների ճնշող մեծամասնությունը բեռը վերցնում են հենց սահմանին։
Նշենք, որ այս հարցով խնդրով հարցում ենք ուղարկել նաև Իրանի դեսպանատուն, պատասխանը կհրապարակենք ստանալուց հետո:
Հեղինակի գրառումներին կարող եք հետևել նաև հեղինակայինTelegram-ալիքում։

Կիսվել