Բեռլինը պատրաստ է լինել Հայաստանի և Ադրբեջանի հուսալի գործընկերը. Գերմանիայի ԱԳ նախարար Վադեֆուլը մեկնում է տարածաշրջան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 17, 2026

Ռուսաստանը չպետք է խանգարի Հարավային Կովկասի երկրների ու Եվրոպայի մերձեցմանը, քանի որ տարածաշրջանը պատերազմներն ու բռնությունը անցյալում թողնելու պատմական հնարավորություն ունի, ինչպես հայտնում է DW-ն, ասել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը՝ նոյեմբերի 17-ին Բաքու և Երևան մեկնելուց առաջ։ Սա պաշտոնը ստանձնելուց հետո նրա առաջին այցն է տարածաշրջան

Նրա խոսքով՝ Մոսկվան փորձում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ շեշտելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինքնուրույն ընտրեն իրենց ուղին, իսկ միջազգային հանրությունը պետք է լսի նրանց ու հաշվի առնի նրանց շահերը։ 

Ըստ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հարավային Կովկասը՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, հիմա շրջադարձային փուլում են և կարող են վերջ դնել տասնամյակներ շարունակվող պատերազմներին, բռնություններին ու տեղահանություններին։ 

Նա ընդգծել է, որ երկար տարիներ անհնարին թվացող խաղաղությունն այսօր արդեն իրատեսական է, և այդ հնարավորությունը չի կարելի բաց թողնել։ Վադեֆուլը բարձր է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաջությունն ու պատասխանատվությունը՝ հիշեցնելով 2025 թվականին խաղաղության պայմանագրի նախագծի նախաստորագրման մասին։ Նա հավելել է, որ հիմա կարևորը վստահ առաջ գնալն է, և Գերմանիան պատրաստ է լինել երկու երկրների վստահելի գործընկերն ու բարեկամը։

Վադեֆուլը նաև խոստացել է Բաքվում և Երևանում քննարկել, թե ինչպես կարող է Բեռլինն աջակցել լարվածության թուլացմանն ու խաղաղության հաստատմանը։ Նա վստահ է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու բաց սահմանները օգտակար կլինեն ոչ միայն տարածաշրջանի բնակիչների, այլև ամբողջ Եվրոպայի համար։

Կիսվել