Բաքուն՝ կլիմայական կոֆերանսի կազմակերպիչ, SOCAR-ի նախկին ղեկավարը՝ նախագահ․ COP29-ը սկանդալի կենտրոնում

Աննա Անտոնյան Հունվար 15, 2024

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29) այս տարի կայանալու է Ադրբեջանում։ Բաքվի ընտրությունն այս դերում բողոքի ալիք է բարձրացրել բնապահպանական և մասնագիտական շրջանակներում։

Մտահոգությունները կապված են նրա հետ, որ տարվա գլխավոր կլիմայական համաժողովը հյուրընկալող Ադրբեջանի ՀՆԱ 40, իսկ արտահանման 90-ից ավել տոկոսը բաժին է ընկնում նավթագազային արդյունաբերությանը։ Բացի այդ,  Բաքուն հայտարարել է առաջիկա 10 տարիներին նավթի և գազի արդյունահանման ծավալնելն ավելացնել 33 տոկոսով։

Սակայն Ադրբեջանի հյուրընկալման հետ կապված սկանդալը այսքանով չի սահմանափակվում։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ համաժողովի նախագահի պաշտոնում է ընտրվել Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Մուխթար Բաբաևը, ով մինչ քաղաքական կարիերա սկսելը 26 տարի աշխատել է Ադրեբեջանի պետական նավթային ընկերությունում՝ SOCAR-ում, նույնիսկ հասցրել լինել ընկերության փոխնախագահ։

Թեև ավտորիտար Ադրբեջանում բնությանն ամենամեծ վնասը հասցնող ընկերության նախկին փոխնախագահին բնապահպանության նախարար նշանակելը մեզ համար այդքան էլ զարմանալի չի թվում, սակայն նրա՝ COP29-ի նախագահի պաշտոնում ընտրությունը համաշխարհային պարբերականների էջերին է։

Associated Press-ը հիշեցրել է, որ COP29-ի նախագահը պատաստախատու է 200 երկրների ներկայացուցիչների շրջանում բանակցությունների կազմակերպման և գլոբալ տաքացումը կանխարգելող որոշումների ընդունումը կազմակերպելու համար։ Պարզ չէ, թե ինչպես է նավթագազային արդյունաբերության հետ սերտ կապեր ունեցող Բաբաևը կատարելու իր պարտականությունները։

the Guardian-ն նշում է, որ նավթագազային արդյունաբերության վրա հենված Ադրբեջանի բնապահպանության նախարարը հայտնի է հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի «բնությունը ոչնչացնելու» մասին հայտարարություններով։

Իսկ BBC-ի աղբյուրները հայտնել են, որ COP29-ը համեմատաբար ցածր մակարդակի միջոցառում է լինելու՝ առավելապես ուղղված ֆինանսավորման նոր, երկարաժամկետ նպատակի համաձայնեցմանը։ Պարբերականի զրուցակիցներից մեկը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցներին կոչ էր արել միջամտել և բլիմային վերաբերող բանակցություննեիրից դուրս հանել խոշոր աղտոտող երկրներին։

Նշենք, որ սեփական և հարևան երկրների էկոհամակարգին անխնա վնաս հասցնող Ադրբեջանը, որտեղ մշտական բողոքի ակցիաներ են երկրի արդյունաբերական գործունեության դեմ, իսկ ոսկու հանքի պոչամբարի կառուցման դեմ բողոքելու համար մի ամբողջ գյուղ էր շրջափակվել, երկրում բողոքի ալիքի աճին զուգահեռ ավելի անհիմն ու հնչեղ մեղադրանքներով տարիներ շարունակ թիրախավորել և շարունակում է թիրախավորել Արցախի և Հայաստանի տնտեսությունները։ Այս թեմային անդրադարձել էր նախորդիվ։

Կիսվել