«Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում՝ հունվարի մեկից հետո, մենք հնարավորություն ենք ունենալու ևս երեք զորակոչի՝ ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը առաջիկա և հաջորդ ամառային զորակոչը «Պաշտպան հայրենյացի» համար՝ որպես հավելյալ ավելացման հնարավորություն»:
Այս մասին ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկանը՝ Զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծի քննարկման ժամանակ:
Նա նաև նշել է, որ մոտավոր հաշվարկներով նախորդ տարիների տենդենցը համալրում կունենա արդեն այն ժամանակ, երբ հունվարի մեկին զորակոչվողները կզորացրվեն:
«Մենք տեսնում ենք, որ մեր հնարավորությունները՝ մարդկային ռեսուրսի ավելացումը, էապես ավելին են լինելու: Ինձ զեկուցել են, որ կարող եմ հրապարակել, դրանք գաղտնի չեն, և ես հրապարակել եմ»,- նշել է նախարարը:
Ինչ վերաբերում է զորակոչի թվերին և ընդհանրապես զինված ուժերի թվաքանակին, նախարարը նշել է, որ դրանք գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:
«Պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի արդյունքում բացի «Պաշտպան հայրենյաց» ծրագրից քանի հոգի կա՝ 2025 թվականի տվյալներով՝ 1,000-ից ավելի է»,- նկատել է Պապիկյանը:
Նախարարի դիտարկմամբ՝ բանակում իրականացված բարեփոխումների արդյունքում բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է: