ԱԺ-ն ծափողջյուններով շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Աննա Անտոնյան Մարտ 05, 2025

Ազգային ժողովի պատգամավորները ծափողջյուններով շնորհավորեցին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ այսօր՝ մարտի 5-ը, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ 

«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Ես առաջարկում եմ ծափողջույներով շնորհավորել Սպարապետի ծննդյան կապակցությամբ», – հայտարարեց Սիմոնյանը։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ 1980-ական թվականներին զբաղվել է գրականությամբ և լրագրությամբ, եղել է «Գարուն» ամսագրի աշխատակից։

Արցախյան շարժման ընթացքում ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի ազգային ինքնապաշտպանական ուժերի կազմավորման գործում։

1991-1992 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանական պետական կոմիտեի նախագահ, 1992-1993 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։

1993-1995 թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական։

1999 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

Վազգեն Սարգսյանը հայտնի է որպես Հայաստանի ազգային բանակի հիմնադիրներից մեկը։ Նա մեծ դեր է ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում՝ կազմակերպելով հայկական ուժերի պաշտպանությունն ու հաղթանակները։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվել է։  


Կիսվել