Այսօր Ռաֆայել Քոթանջյանի հոբելյանն է

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 09, 2021

«Որտեղից որտեղ լենինականցի մայրս գալիս է Երևան՝ ընդունվելու բժշկական ինստիտուտ և հանդիպում հորս, որ ծնվել էր Ղարսում: Ես ծնվեցի Թբիլիսիում, ուր հայրիկիս գործուղել էին աշխատելու:


Միգուցե եթե Երևան չտեղափոխվեինք, եթե Մայակովսկու դպրոցում չսովորեի ու չհանդիպեի ռուսաց լեզվի ուսուցչուհուն, որ երազել էր դերասանի մասնագիտության մասին, սակայն ինչ-ինչ պատճառով ընտրել էր մանկավարժությունը, և որը իմ մեջ արթնացրեց սերը դեպի բեմ, միգուցե և լսեի հայրիկիս ու ճարտարապետ դառնայի»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:


Բարձրագույն ռեժիսորական կուրսերի ուսանող էր, երբ նկարահանվեց Գայդայի Ադամանդե ձեռքը ֆիլմում: Մի փոքր տեսարան, սակայն ջերմ հիշողություններ:


«Ես չեմ խաղում,- ասում է Ռաֆայել Քոթանջյանը,- ես մտնում ու ապրում եմ կերպարի մեջ»:


Դերերի պակաս երբևէ չի ունեցել՝ ոչ թատրոնում, ոչ կինոյում: Նկարահանվել է տարբեր կինոստուդիաներում, լավագույն ռեժիսորների լավագույն ֆիլմերում: «Թատրոնում երջանիկ օրեր շատ են եղել,-ասում է: Դրամատիկականում խաղացել եմ իմ լավագույն կերպարները: Եղել են ներկայացումներ, որ խաղացվել են 300-500 անգամ: Թատրոնում, հնարավորություն ունես դերը կատարելագործելու, նոր գույներ հաղորդելու, կինոյում՝ խաղացիր ու վերջ, լավագույն դեպքում մի քանի դուբլից լավագույնը կարելի է ընտրել»:


«Երջանկությունը լավ ընտանիքն ու սիրած գործն է: Այս առումով երջանիկ մարդ եմ»,- ասում է ժողովրդական արտիստը:


Այսօր Ռաֆայել Քոթանջյանի հոբելյանն է:


Ծնվել է 1942թ. սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1946թ. տեղափոխվել է Երևան: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66թթ աշխատել է Զանգեզուրի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68թթ եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70թթ սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե.Շվարցի «Թագավորը մերկ է», Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Երեքի սրտերում» (1992թ.), «Ուրախ ուղևորություն» (1994թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997թ.), «Ռոքսոլանա» (1998-2003թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998թ.), «Սերը չար է» (1999թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Պոպրիշչին» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «11:41» (2015թ.) և այլն: 1994թ-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից: 2008թ-ից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009թ.` Գյումրիի Պատվո և նվիրվածության շքանշանի, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Նյութը Անի Կիրակոսյանի ՖԲ էջից 

Կիսվել