Ավելի քան 46 մլն դրամ՝ լուսաթափանցելիությունը ստուգող սարքեր ձեռք բերելու համար

Աննա Անտոնյան Հունիս 12, 2023

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկաններն ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափը՝ 70 %-ը, գերազանցած վարորդներին ենթարկում են վարչական պատասխանատվության։ Ապակիների մգեցվածության չափը ոստիկանները պարզում են հատուկ սարքերի միջոցով։

NEWS.am-ը հարցում է ուղարկել ՆԳՆ ոստիկանություն՝ հասկանալու համար, թե ինչ ընթացակարգով եւ որ ընկերությունից են ձեռք բերվել լուսաթափանցելիությունը ստուգող սարքերը։

Սարքերը ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարվել երկու անգամ։ Առաջին անգամ մրցույթում հաղթել է «Արմինոլի» ՍՊԸ-ն՝ 19 980 000 դրամով, երկրորդ անգամ՝ «ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ն՝ 26 400 000 դրամով։

Ոստիկանությունից հարցմանն ի պատասխան նաեւ հայտնում են, որ ընդհանուր առմամբ ձեռք է բերվել  343 սարք,  որոնցից 67-ը գտնվում է Երևան քաղաքի գնդի հաշվեկշռում, 120-ը՝ ՊԾ կողմից սպասարկվող մարզերում՝ յուրաքանչյուր մարզում՝ 20-ական։ 4-ը փոխանցվել է ՊԾ վարչակազմին, 5 սարք ունի տեխնիկական խնդիր։ ՃՈ ծառայությանը տրամադրվել է 20 հատ ստուգաչափող սարք։

Ստուգաչափման ենթարկելու նպատակով, ըստ հերթականության՝ 127 լուսաթափանցելիությունը ստուգաչափող սարքեր պետք է ուղարկվեն «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ:

Կիսվել