Ի վերջո կարո՞ղ եք ներկայացնել, որն է ՀՀ կառավարության դիրքորոշումը ղարաբաղյան հարցով, և որտեղ են մեր դիվանագիտական կարմիր գծերը այդ հարցում

Աննա Անտոնյան Օգոստոս 26, 2021

Արսեն Բաբայանը ներկայացրել է այն հարցերը,  որոնք չհասցրեց ներկայացնել  Արթուր Վանեցյանը ։

Ստորև տե՛ս այն հարցերը, որոնք «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չհասցրեց ներկայացնել իր ելույթում երեկվա սահմանային միջադեպերին արձագանքելու պատճառով:


«1. Մի անգամ մինչև պատերազմը ձեզ հրապարակայնորեն հարցրեցի՝ ի՞նչ եք բանակցում Ղարաբաղյան հարցով. ինձ կամ այլ անձի պատասխանելիս ԱԺ-ում ասեցիք «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»: Արդյունքները ողբերգական եղավ մեր ազգի և երկրի համար: Հիմա նորից հարցնում եմ, ի վերջո կարո՞ղ եք ներկայացնել, որն է ՀՀ կառավարության դիրքորոշումը ղարաբաղյան հարցով, և որտեղ են մեր դիվանագիտական կարմիր գծերը այդ հարցում:


2. Ծրագրի մեջ գրված է. «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»:


Հարց է առաջանում․ ինչպես ե՞ք պատկերացնում ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքների գործադրմամբ հասնել տարածաշրջանի լիցքաթափման նպատակին: Գուցե դա նշանակում է, որ Թուրքիային ավելորդ տեղը չնյարդայնացնելու համար պատրաստվում եք այլևս չբարձրաձայնել ցեղասպանության միջազգային ճանաչման ահնրաժեշտությունը։



Առաջարկում եմ, հստակ և ուղիղ հայտարարեք, որ Հայաստանը երբեք չի հրաժարվելու ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից և չի մտնելու որևէ գործընթացի մեջ, որի հետևանքով կասկածի տակ կարող է դրվել հայ ժողովրդի ցեղասպանության ենթարկվելու փաստը: 


3. Ծրագրում մի քանի կետերով խոսվում է 5-րդ սերնդի պատերազմական գործիքակազմի, տեխնոլոգիական արդիականացման և այլ կարևոր հարցերի մասին:

Մինչև պատերազմի մեկնարկը հայտարարվում էր, որ Արցախի Հանրապետության օդը լիարժեք փակ է, բայց հայտնի է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, բացի քաղաքական օղակի կառավարման տապալումից, մեր ԶՈՒ համար մեծ խնդիրներ առաջացրին և հազարավոր զինվորների կյանքեր խլեցին Ադրբեջանի հարվածային ԱԹՍ-ները: Թույլատրելիության սահմաններում, ի՞նչ կարող եք ասել մեր կողմից այդ սպառնալիքին դիմակայելու տեսանկյունից ինչ քայլեր են իրականացվել հետպատերազմյա մեկ տարվա ընթացքում: Արդյո՞ք լայնածավալ ռազմական ագրեսիայի պարագայում մենք ունենք կարողություններ դիմակայելու թշնամու կողմից մեծ թվով ԱԹՍ-ների օգտագործմանը»:

Կիսվել