Արմավիրի մարզի ծաղկեգործները դժգոհում են՝ արտահանողները չեն գնում իրենց ծաղիկները

Աննա Անտոնյան Հուլիս 11, 2025

Արմավիրի մարզի ծաղկեգործները դժգոհում են՝ աճեցրած ծաղիկները տարիներ շարունակ կարողացել են վաճառել արտահանող ընկերություններին, իսկ հիմա արտահանողները չեն գնում, Ռուսաստանից էլ ասում են՝ Հայաստանից իրենց երկիր վարակված ծաղիկներ են մտել:

Ծաղկեգործները պնդում են՝ իրենց ծաղիկներն առողջ են, պահանջում են, որ Կառավարությունը հարցին լուծում տա:

Դեռ հունիսի սկզբներին էր Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, Հայաստանին զգուշացրել, որ հունիսի 16-ից կարող է Հայաստանից ներկրվող ծաղիկների մուտքը ժամանակավոր արգելել, պնդելով, թե Հայաստանից վարակված ծաղիկներ են Ռուսաստան մտել:

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից այդ օրերին ասում էին՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից պաշտոնական պատասխան չեն ստացել, թե հայտնաբերված 13 դեպքերը հայկական ո՞ր ընկերություննների ծաղիկներն են:

Այսօր արդեն տեսչական մարմնի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց՝ ինտենսիվ աշխատում են ռուս գործընկերների հետ, արդեն 7 ընկերությունների մասով կա թույլտվություն՝ այդ ընկերություններին Ռուսաստանն արդեն թույլ է տվել ծաղիկ ներմուծել: Առաջիկայում ռուս գործընկերները կգան Հայաստան:

Կիսվել