Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախից զոհված,գերեվարված,անհետ կորած մարդկանց թվերը

Աննա Անտոնյան Հուլիս 07, 2021

Հաշվի առնելով ինձ ուղղված հարցումները՝ հրապարակում եմ տվյալներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։


Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են՝ 42-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։ Զոհված զինծառայողների թիվը ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ։ 


Վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։ Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին մեզ մոտ առկա չէ։


Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են։


Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան 

Կիսվել