Առաջարկվել է Հայաստանում վերելակային սարքավորումների արտադրություն հիմնել. Բելառուսի դեսպան

Աննա Անտոնյան Օգոստոս 26, 2022

Բելառուսական կողմից Հայաստանում վերելակային սարքավորումների հավաքման գործարան ստեղծելու առաջարկ է եղել, որին հայկական կողմն աջակցել է։ Այս մասին օգոստոսի 26-ին Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

«Մասնավորապես, զրուցել եմ փոխվարչապետի հետ (Մհեր Գրիգորյանի)։ Բայց հավաքման արտադրությունը վերջին փուլն է: Առայժմ աշխատում ենք սպասարկման կենտրոնների ստեղծման վրա, որպեսզի վերելակներ սպասարկելու համար Բելառուսից մասնագետներ կանչելու կարիք չլինի, որպեսզի Բելառուսում վերապատրաստում անցած հայերն իրենք ամեն ինչ անեն»,- ասաց նա։

Կոնյուկը հիշեցրեց, որ բելառուսական արտահանման հիմքում շարունակում է մնալ տրակտորների մատակարարումը։

«Բելառուսի դեսպանությունը շարունակում է կենտրոնացած մնալ կառուցողական համագործակցության վրա։ Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունն այսօր դրական միտում ունի պատժամիջոցային ճնշման պայմաններում, ինչը հաստատում է միասնության սկզբունքը նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- հավելեց դեսպանը։

Կիսվել