Արագածոտնում վիճաբանության ընթացքում կրակոցներ են հնչել. 3 վիրավորից մեկը կին է

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2022

Քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճներ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։
Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում այսօր կրակոցներ են հնչել, 3 հոգի վիրավորվել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վերաբերյալ առաջին ահազանգը եղել է 02։40-ի սահմաններում` «Աշտարակ» բժշկական կենտրոնից, նշվել է, որ իրենց մոտ է տեղափոխվել «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ղազարավան գյուղի 52-ամյա բնակիչ Վարդուհի Հակոբյանն է։ Նույն պահին «աջ ոտնաթաթի կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 քաղաքացի։ Տեղում ոստիկանները պարզել են, որ նա նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գոռ Հակոբյանն է։

Գիշերը ժամը 03։00-ին էլ «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել նույն գյուղի 30-ամյա բնակիչ Գնել Հակոբյանը` «ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ։
Կայքի տեղեկություններով` ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 02։00-ի սահմաններում Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են, որի ժամանակ Մովսիսյանը իր բարեկամին պատկանող ԻԺ-43 տեսակի 16 մմ տրամաչափի հրազենով կրակել է Սարգսյանի ուղղությամբ, ապա հետապնդելով նրան, գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում կրկին կրակել է նրա ուղղությամբ։ Արդյունքում Վարդուհի, Գոռ և Գնել Հակոբյանները ստացել են հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճներ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։
Ոստիկանները հայտնաբերել են Տ․ Սարգսյանին և նրան ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Այժմ գործողություններ են ձեռնարկվում Մովսիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել