ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի «ագրեսիվ» տեսակ

Աննա Անտոնյան Մայիս 19, 2025

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի «ագրեսիվ տեսակ», որը տարածվել է մինչև նրա ոսկորները։ Նրա գրասենյակի տարածած հայտարարության համաձայ՝ 82-ամյա Բայդենի մոտ ախտորոշվել է ուրբաթ օրը՝ միզուղիների հետ կապված խնդիրների ունենալուց հետո։ Այժմ բժիշկների հետ քննարկվում են բուժման տարբերակները։

«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնների նկատմամբ զգայուն է, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարում», — ասել է նրա գրասենյակը։

Նախագահ Թրամփը, որը հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր բազմիցս քննադատել է Բայդենին, կիրակի օրը իր Truth Social սոցիալական ցանցում արված գրառման մեջ ցավակցություն է հայտնել Բայդենին և նրա կնոջը՝ Ջիլին։

«Մելանիան և ես տխրում ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման մասին լսելով», — գրել է նա։

«Մենք մեր ջերմագին և լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին և ընտանիքին և մաղթում ենք Ջոին արագ և հաջող ապաքինում», - նշված է նրա գրառման մեջ։

Բայդենի գրասենյակը հայտնել է, որ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվությունը որոշող Գլիսոնի գնահատման համակարգում քաղցկեղը 10 միավորից 9 է ստացել։

Նյու Յորքի Լանգոնի համալսարանի ուրոլոգ, բժիշկ Հերբերտ Լեպորը, ասել է, որ 9 միավորը «շատ բարձր ռիսկ է», բայց հավելել է, որ մետաստատիկ շագանակագեղձի քաղցկեղով շատ տղամարդիկ կարող են ապրել «5-10 տարի» և նույնիսկ ավելի։

Կիսվել