ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել «Վագներ» ընկերության գործունեությունը ֆինանսավորող ընկերությունների դեմ

Աննա Անտոնյան Հունիս 28, 2023

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել այն ընկերությունների դեմ, որոնք կապված են «Վագներ» ընկերության գործունեության ֆինանսավորման հետ։

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության եւ Ռուսաստանի ընկերությունների դեմ՝ մեղադրելով նրանց ոսկու ապօրինի գործարքներին մասնակցելու մեջ՝ «Վագներ» ՄՌԿ-ին ֆինանսավորելու նպատակով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցները կիրառվում են չորս ընկերությունների դեմ, որոնք կապված են «Վագներ» ՄՌԿ-ի եւ նրա ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ասվում է նաեւ, որ ոսկու անօրինական գործարքները ֆինանսավորում են ռազմական կազմավորումներին իրենց զինված ուժերը պահպանելու եւ ընդլայնելու համար, ներառյալ Ուկրաինայում եւ Աֆրիկայում:

«Վագներ խումբը» ֆինանսավորում է իր դաժան գործողությունները մասամբ բնական ռեսուրսների շահագործման հաշվին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ Մալին, ասվում է ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնի հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները կշարունակի պայքարել «Վագներ խմբի» եկամտի աղբյուրների դեմ՝ դադարեցնելու նրա ընդլայնումն ու բռնությունը Աֆրիկայում, Ուկրաինայում եւ մյուս երկրներում»:

Պետքարտուղարությունը պարզաբանել է, որ Վագների ՄՌԿ-ի դեմ գործողությունները կապված չեն Ռուսաստանում հանգստյան օրերին տեղի ունեցած խռովության փորձի հետ։

«Վագները» կռվել է Լիբիայում, Սիրիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Մալիում եւ այլ երկրներում, ինչպես նաեւ մասնակցել է Ուկրաինայում մարտերին։ Այն հիմնադրվել է 2014 թվականին այն բանից հետո, երբ Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Ղրիմը եւ սկսեց աջակցել Դոնբասում ռուսամետ անջատողականներին:

Կիսվել