Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել և բռնագանձել 2 միլիոն դրամ

Աննա Անտոնյան Նոյեմբեր 13, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի։

Այս մասին հայտնի է դառնում «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել սոցցանցի անձնական էջում 5 աշխատանքային օրում և հայտարարության վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից: 08․11․2025.-ին ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ hրապարակումներ՝ պարոն Սիմոնյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ hրապարակումներն իրենց մեջ պարունակում են վիրավորական արտահայտություններ՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:

ԱԺ նախագահը նաև պահանջում է բռնագանձել 2 միլիոն դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 հազարը՝ փաստաբանի վարձատրության գումար, 50 հազարը՝ պետական տուրքի գումար:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ԱԱԾ դիմակավորված անձինք ձերբակալել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Նրանց, ամենայն հավանակությամբ, կկալանավորեն։

Կիսվել