Ակնալիճում ոռոգման ջրի խնդիր չկա. Արմավիրի մարզպետ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 05, 2022

Արմավիրի մարզի Ակնալիճ վարչական շրջանում ոռոգման ջրի խնդիրը լուծվել է, խնդիր չկա։ Այս մասին հայտնեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ակնալիճի բնակիչն ահազանգել էր, որ մի քանի ամիս է՝ ոռոգման ջրի խնդիրը չի լուծվում, եւ այդ խնդրով մարզպետը հրաժարվել է իրենց հետ հանդիպել։

Մարզպետը հերքեց, որ ինքը չի ցանկացել հանդիպել բնակիչների հետ.

«Նման բան չի եղել, որ ես բնակիչների հետ չցանկանամ հանդիպել։ Որոշակի խնդիրներ եղել են տարբեր համայնքներում։ Բնակիչների հետ հանդիպելուց հետո հետեւողական աշխատանքների արդյունքում խնդիրը կարգավորվել է, հոսանքի հարցն էլ լուծվել։ Այս պահին ունենք վերանորոգված երկու խորքային հոր, որոնք գործարկման փուլում են։ Հենց հիմա եկեք, գնանք Ակնալիճ՝ տեսնենք, որ ոռոգման ջրի խնդիր չկա։ Եթե բնակիչը պատկերացնում է, որ ցանկացած ժամ ինքը կարող է ոռոգման համար անհրաժեշտ ջուր ունենալ, պատկերացումները չափազանցված են, որովհետեւ եթե օրվա մեջ որոշ ժամանակ ջուր չկա, չի նշանակում, որ ջրի խնդիր կա։ Կարող է՝ մի օր ջուր չլինի, մի օր մի քիչ սակավ լինի։ Մարզում տասնամյակներ այդպես է եղել»։

Անդրադառնալով բնակիչների այն խոսքին, որ ջրի խնդրի պատճառով պատրաստվում են կրկին ճանապարհ փակել, մարզպետն արձագանքեց.

«Եթե խնդիրը կա, ինչո՞ւ չեն փակել։ Ինչո՞ւ են ճանապարհ փակում։ Ես բնակիչներին բացատրել եմ, որ ակցիայի նպատակն այն պետք է լինի, որ պատկան մարմինն ուշադրություն դարձնի ձեզ։ Ես ասել եմ՝ համայնքի ղեկավարի միջոցով ինձ հետ կապ հաստատեք, ես կգամ ձեզ հետ հանդիպելու։ Իմ դեպքում պետք չէ ճանապարհ փակել, դուք ասեք՝ ես կգամ»։

Հիշեցնենք, որ ջրի խնդրի պատճառով գյուղի բնակիչները հուլիսի 22-ին մի քանի ժամով փակել էին մարզի գլխավոր ճանապարհը։ Բնակիչների հետ այդ օրը հանդիպել էին պատկան մարմինների ներկայացուցիչները, որոնց թվում նաեւ մարզպետը։ Նրանք խոստացել էին հարցին լուծում տալ։

Կիսվել