Ադրբեջանը վայրագաբար կոտրելով ապամոնտաժել է Այվազովսկու հուշարձանը՝ բռնկելով նոր սկանդալ Ռուսաստանի հետ

Աննա Անտոնյան Օգոստոս 01, 2025

Ադրբեջանի տիրապետության տակ անցած ԼՂ նախկին մայրաքաղաք Ստեփանակրետում երկրի իշխանությունների հրահանգով ապամոնտաժվել է հայկական արմատներով ռուս ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանը:

Ընդ որում՝ արձանը քանդվել է մեծ արվեստագետի ծննդյան օրը և ոչ թե ապամոնտաժվել է ու տեղափոխվել, այլ՝ քանդվել, կոտրվել ամենավայրագ տարբերակով:

Հուշարձանը քանդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, նրանց ուղիղ հրահանգով:

Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը մեկնաբանել է տեղի ունեցածը, նշել՝ ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղում ռուս նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդումը ափսոսանք և խորը մերժում է առաջացնում։ 

Շվիդկոյը հիշեցրել է, որ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել է 2021 թվականին՝ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի մասնակցությամբ։

«Ռուս խաղաղապահները տարածաշրջանում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Ռուսական կողմը ոչ մի կերպ տեղեկացված չէր ռուս քանդակագործ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ Շչերբակովի կողմից ստեղծված այս հուշարձանը քանդելու ծրագրերի մասին», - նշել է նա։

Շվիդկոյը ընդգծել է, որ եթե Այվազովսկու հուշարձանը որևէ պատճառով չբավարարեր ադրբեջանական կողմին, Բաքուն կարող էր Մոսկվային տեղեկացնել այն քանդելու իր մտադրության մասին։

«Հարցը, վստահ եմ, կլուծվեր քաղաքակիրթ ձևով, օրինակ՝ այն ռուսական հող տեղափոխելով։ Փոխարենը, այն քանդվել, ապամոնտաժվել է, դա Ռուսաստանի դեմ ցուցադրական ոչ բարեկամական գործողություն է», - նշել է պաշտոնյան:

Նա հավելել է, որ տխուր է, երբ ստիպված են լինում ողջախոհ լինելու խորհուրդներ տալ իրենց բարեկամ համարվող երկրի իշխանություններին:

«Ես վաղեմի բարեկամական հարաբերություններ ունեմ Ադրբեջանի, նրա ժողովրդի և մշակույթի գործիչների հետ։ Ավելի տխուր է, որ ստիպված եմ կոչ անել ողջախոհության և «հուշարձանների դեմ պատերազմի», ռուսական մշակույթի «չեղարկման», ոչնչացման դադարեցման։ Այս կործանարար գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշինքի, գործընկերության և բարիդրացիության ոգուն, և առհասարակ, սթափ ուղեղին», - եզրափակել է Շվիդկոյը։ 

Այսպիսով, Այվազովսկու հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու ադրբեջանական հայտնի քաղաքականության ևս մեկ ապացույց է։

Իվան Կոնստանտինովիչ Այվազովսկին ռուս նկարիչ և գրաֆիկական նկարիչ է, 19-րդ դարի ամենահայտնի ծովանկարիչներից մեկը, հավաքորդ և բարերար։ Գլխավոր ռազմածովային շտաբի նկարիչ։ Նա ծնվել է Թեոդոսիայում, ավարտել է Սիմֆերոպոլի գիմնազիան և Սանկտ Պետերբուրգի կայսերական արվեստի ակադեմիան, եղել է Ռուսաստանի գլխավոր ռազմածովային շտաբի նկարիչ։ 1846 թվականից ապրել և աշխատել է Թեոդոսիայում, դասավանդել է իր ստեղծած գեղարվեստական ստուդիայում։ 1880 թվականին հիմնադրել է արվեստի պատկերասրահ։ 1881 թվականից՝ Թեոդոսիայի պատվավոր քաղաքացի։

Իվան Այվազովսկու հուշարձանը Ստեփանակերտում հայտնվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Հուշարձանը դարձել է «Ռուսական փառքի ծառուղի» նախագծի մի մասը և իրականացվել է ԼՂ այն ժամանակվա իշխանությունների, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի և ռուսական խաղաղապահ զորքերի հետ համատեղ։


Կիսվել