36-ամյա պայմանագրային Արմեն Միքայելյանը զոհվել է Ջերմուկի պաշտպանության ժամանակ. նա երեք երեխա ունի

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 19, 2022

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ զոհվել է պայմանագրային զինծառայող 36-ամյա Արմեն Միքայելյանը։

Արմեն Միքայելյանն ապրում էր Խաչփար գյուղում։ Խաչփարի նախկին գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը պատմեց, որ Արմեն Միքայելյանը ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ։

Արմեն Միքայելյանի ծառայությունն անցնում էր Ջերմուկում, 3-րդ տարին էր բանակում։

«Մինչեւ կռվի սկսելը զանգել է, խոսել է ընտանիքի հետ, ասել է, որ ամեն ինչ նորմալ է։ Զենքն ավտոմեքենայից հանելիս ԱԹՍ-ի հարվածից զոհվել է»,- պատմեց նախկին գյուղապետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Կիսվել